Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Արևմուտք-Արևելք հակամարտությունը դեռևս շատ հեռու է որևէ տեսակի հավասարակշռությունից

Արևմուտք-Արևելք հակամարտությունը դեռևս շատ հեռու է որևէ տեսակի հավասարակշռությունից
12.05.2025 | 14:40

Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ուկրաինական միջնորդավորված պատերազմը, Թրամփի վարչակազմի կողմից այն դադարեցնելու անհաջող փորձից հետո, մտնում է որակապես նոր փուլ։

Եթե շարունակենք դիտարկել այդ պատերազմի ընթացքը որպես որոշակի նախագծի կամ էլ սերտորեն փոխկապակցված նախագծերի ամբողջություն, ապա վերջին ամիսների ռուս-ամերիկյան բանակցությունները կարող են մեկնաբանվել որպես ինքնուրույն ենթանախագիծ, որի նպատակը հակամարտության կողմերի միջև որոշակի սահմաններում հավասարակշռության հասնելու հնարավորության և իրագործելիության անալիզն էր (feasibility analysis):

Այդ անալիզը, որը զուգահեռաբար ընթանում էր դիվանագիտական ու ինտենսիվորեն շարունակվող պատերազմական միջոցներով և Երկրորդ աշխարհամարտի ավարտի 80-ամյակի հետ կապված միջոցառումների տեսքով, ցույց տվեց՝

1․ Իր մասշտաբներով ռուս-ուկրաինական պատերազմը, Արևմուտքի ու Արևելքի միջև մոլորակային մասշտաբի կոնֆլիկտի մի դրսևորումն է միայն, որը սահմանափակ դիվանագիտական միջոցներով անհնարին է դադարեցնել։

2․ Ցանկացած կոնֆլիկտ, անկախ իր մասշտաբներից, բնականորեն դադարեցվում է միայն այն ժամանակ, երբ հակամարտ կողմերի միջև ստեղծվում է ուժային և ոչ ուժային խառը տեսակի հավասարակշռություն։

3․ Այս առումով, և՛ ռուս-ուկրաինական լոկալ պատերազմը, և՛ ավելի մասշտաբային ռուս-ամերիկյան կոնֆլիկտը, և՛ գլոբալ բնույթի Արևմուտք-Արևելք կոնֆլիկտը դեռևս շատ հեռու են որևէ տեսակի հավասարակշռությունից։

4․ Նման լոկալ և գլոբալ բնույթի հակամարտությունները դեպի հավասարակշռություն գնալու նշաններ են ցույց տալիս միայն այն ժամանակ, երբ նրանց նպատակները ստիպված սկսում են աստիճանաբար իրար մոտենալ, և, բացի դրանից, կողմերի միջև ստեղծվում է ստիպողական կամ ոչ ստիպողական վստահության ռեժիմ։

5․ Ներկայում գլոբալ հակամարտության կողմերն ունեն տրամագծորեն տարբեր նպատակներ՝ արևմտյան կողմը ունի իր գլոբալ հեգեմոնիան պահելու ու շարունակելու նպատակ, իսկ արևելյան կողմը՝ այդ հեգեմոնիան Արևմուտքի հետ միասին հավասարակշիռ ձևով բաժանելու նպատակ։

6․ Դրանից բացի, այդ կողմերի միջև կա նաև դարերով կուտակված անվստահություն, որը, միանալով նրանց նպատակների անհամատեղելիության փաստի հետ, անհնարին է դարձնում որևէ տեսակի փոխզիջում նրանց միջև։

7․ Նման փակուղային վիճակում վճռական է դառնում հարցի ուժային կողմը, որն էլ, բնականաբար, մնում է դեպի հարցի լուծում տանող միակ ճանապարհը։

8․ Չպետք է մոռանալ նաև, որ գլոբալ հակամարտության կողմերի միջև որևէ տեսակի հավասարակշռության հասնելն ունի իներցիոն բնույթի մենթալիտետային կողմ, երբ կողմերը նոր իրավիճակներում շարունակում են շարժվել հին ու իրենց դարն ապրած չափանիշներով ու մոտեցումներով։

9․ Վերը նշված պատճառներով աշխարհում տիրում է խորապես անհավասարակշիռ վիճակ, որը, փոխադարձ գոյաբանական վախի պատճառով, աստիճանաբար ու շատ դանդաղ կգնա դեպի ստիպողական հավասարակշռություն։

10․ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական լարվածության ու դրա պոտենցիալի ներկա աննախադեպ չափը և գլոբալ բախման գոյաբանական անհնարինությունը, դեպի ստիպողական հավասարակշռություն տանող միակ միջոցը մնում են այդ պոտենցիալը սպառող պրոքսի պատերազմները։

Այսինքն, ինչպես միշտ, հարցի լուծման հետ կապված հիմնական գործոնները մնում են կողմերի միջև ուժային հարաբերությունները, մենթալիտետային իներցիան և կողմերից որևէ մեկի գոյաբանական սխալը, որի հավանականությունը, դժբախտաբար, զրոիյց տարբեր է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 381

Մեկնաբանություններ